2009 թվականի հոկտեմբերին՝ «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարության շրջանակներում, Երևանի նախկին քաղաքապետ` Գագիկ Բեգլարյանի, «Շարմ» հոլդինգ ընկերության տնօրեն` Ռուբեն Ջաղինյանի և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանի համատեղ ջանքերով, ինչպես նաև Ուկրաինաից ժամանած մասնագետների՝ Ալեքսանդր Գարկավիի և Սերգեյ Բրովորնյուկի ջանքերով հիմնադրվեց «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը:
Ներկայումս խմբի կոլեկտիվը բաղկացած է երկու գեղարվեստական ղեկավարներից, ոճաբանից և 13 թմբկահարուհիներից, ովքեր ընտրվել են տարբեր երաժշտական և հանրակրթական դպրոցներից: Թմբկահարները 15-25 տարեկան աղջիկներ են, ովքեր օժտված են ռիթմի սուր զգացողությամբ, ունեն երաժշտական կրթություն, ճկուն են, բարեկազմ, բարետես ու արտիստիկ:
Խմբի կատարողական հմտությունները զարգանում են պարբերաբար իրականացվող պարապունքների շնորհիվ, իսկ բարձրաճաշակ բեմական տեսքն ապահովում են մի շարք մասնագետներ:
Խումբն իր ֆորմատով միակն է տարածաշրջանում և, կարելի է ասել, որ այն նոր մշակույթ է ներմուծել: Արդյունքում «Երևանյան թմբուկներն» արդեն իսկ կարող են իրենց ներկայությամբ յուրօրինակ հանդիսավորություն հաղորդել ցանկացած միջոցառման, փառատոնի կամ պետական տոնակատարության և բարձր տոնական տրամադրություն հաղորդել մասնակիցներին և հանդիսատեսին:
Միջազգային հարթակում «Երևանյան թմբուկների» մասնակցության աշխարհագրությունը՝
2017թ. օգոստոսի 23-ից սեպտեմբերի 3-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Երևանյան թմբուկները» մասնակցել են «Սպասկայա Բաշնյա» միջազգային զինվորական-երաժշտական նվագախմբերի փառատոնին, որը անց էր կացվում «Կարմիր հրապարակում»:
2015թ. ապրիլին 19-25-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում «Երևանյան թմբուկները» մասնակցել են «Հարվածային գործիքների դիալոգը իբրև խաղաղություն» միջազգային հարվածային գործիքների փառատոնին:
2014թ. օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Երևանյան թմբուկները» մասնակցել են «Սպասկայա Բաշնյա» միջազգային զինվորական-երաժշտական նվագախմբերի փառատոնին, որը անց էր կացվում «Կարմիր հրապարակում»:
Հայաստանի Հանրապետոթյունում «Երևանյան թմբուկների» միջոցառումների կամ տոնակատարությունների մասնակցության ցանկը՝
2009թ. մինչ օրս խումբը մասնակցել է գրեթե բոլոր մեծ միջոցառումներին կամ տոնակատարություններին` «Էրեբունի-Երևան 2791, 2792, 2793, 2794, 2795, 2796, 2797, 2798» ամյակների տոնակատարություններին, ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված 2010, 2011, 2012, 2013, 2014, 2016 և 2017թթ տոնական քայլերթերին, որտեղ ավանդաբար գլխավորում են տոնական քայլերթը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, ՀՀ անկախության հռչակման 20-ամյա հոբելանական ծրագրերին, 2011թ. Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրոտեսիլին», Հայկական Բանակի 19 և 20-ամյակների տոնակատարություններին, ԱՊՀ պետությունների 6-րդ երիտասարդական «Դելփյան խաղերին», «Արամ Խաչատրյանի» անվան միջազգային մրցույթին, ԱՊՀ և բալթյան երկրների «Երիտասարդ Եվրասիա» միջազգային նորարարական ֆորումին, WBA և WBC վարկածով աշխարհի բոքսի չեմպիոնի մենամարտին, ՖԻԴԵ-ի կանանց գրան պրի շախմատի միջազգային մրցաշարին և այլն:
«Երևանյան Թմբուկներ» թմբկահարների խումբը կայացած և ամուր ընտանիք է, որը մեր խմբի ամենամեծ ձեռքբերումն եմ համարում և ես, լինելով խմբի համահիմնադիր և տնօրեն, ստանձնել եմ խմբի հետագա պահպանման, կայացման և զարգացման պարտականությունները, որը ես և իմ խումբը մինչ օրս կարծես պատվով ենք իրականացրել: Չնայած դրան՝ մենք մեր դիմաց էլ ավելի բարձր բարձրունքներ են ֆիքսել, որը նույնպես պատվով կհաղթահարենք: